Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աշխարհը՝ սերնդային աղետի և բարոյական ճգնաժամի առաջ

Աշխարհը՝ սերնդային աղետի և բարոյական ճգնաժամի առաջ
19.10.2026 | 11:30

Հեղափոխական Ֆրանսիայում սկսված ուսանողական շարժումը, որը հրդեհի նման տարածվում է աշխարհով մեկ, ուղղված է կրթության ոլորտում կուտակված խնդիրներին՝ ուսանողության ու մանկավարժության սոցիալական և այլ ոտնահարված իրավունքների պաշտպանությանը, կրթության որակի բարելավմանն ու ոլորտի նկատմամբ պետական հոգածության և կատարվող բյուջետային ծախսերի ավելացմանը։ Թումանյանն ասում էր. «Իմաստուն ազգերն իրենց տաղանդների վրա առատորեն ծախսում են՝ լավ իմանալով, որ շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշն էլ նշել է. «Դպրոցների համատարած փակումն աշխարհի ավելի քան 160 երկրներում ազդել է ավելի քան 1 միլիարդ աշակերտի և ուսանողի վրա, ինչը պատմության մեջ կրթական համակարգի ամենամեծ խաթարումն էր. այս իրավիճակը կարող է վատնել անհամար մարդկային ներուժ, խարխլել տասնամյակների առաջընթացը և խորացնել արմատացած անհավասարությունները»: Նա կոչ է արել բոլոր երկրներին ապահովել ուսանողների անվտանգ վերադարձը դասասենյակներ...
Ըստ էության՝ ազգային կրթությունը հանդիսանում է ազգային ինքնության և ազգային պետության հոգևոր ու մշակութային անվտանգության կարևոր բաղադրիչը, և ազգովի պետք է գիտակցենք, որ ազգային կրթության փլուզումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի ու ժողովրդի համար: Այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եվրոպական ու այլ երկրներում, ավելի մեծ չափերով ու ավելի խտացված ձևով առկա են նաև Հայաստանում։ Այստեղ նույնպես, ինչպես հարկն է, ուշադրության չեն արժանանում ուսանողների, աշակերտների և մանկավարժների խնդիրները, իսկ առաջիկայում նախատեսվում է փակել 229 դպրոց, որոնցից 25-ը՝ սահմանամերձ գյուղերում։ Բարձր են ուսման վարձերը, այդպես էլ հանրապետության քոլեջներում և բուհերում չի ներդրվում անվճար ուսուցում, իսկ մանկավարժների աշխատավարձները զգալիորեն զիջում են Հայաստանի միջին աշխատավարձին։
Մինչդեռ նշանավոր փիլիսոփա Սենեկան, արժևորելով կրթության գործում մանկավարժության դերը, նշում էր. «Մանկավարժի կոչումը շատ բարդ ու դժվար է, դրա համար էլ, եթե աստվածներն ուզում են պատժել մեկին, նրան մանկավարժ են դարձնում»: Արդյունքում տաղանդավոր հայ ժողովուրդը աշխարհի 90 երկրների մեջ կրթության որակով՝ աշակերտների կրթվածության մակարդակով, գրավում է 88-րդ հետին տեղը։ Իսկ այս ամենը՝ հասարակության դեգրադացումը կրթության ոլորտի փլուզման միջոցով, արվում է գլոբալիստական Արևմուտքի կողմից՝ աշխարհը մեկ կենտրոնից կառավարելի դարձնելու համար։
Ոչ պատահականորեն Հարավաֆրիկյան Հանրապետության Ստելլենբոս քաղաքի՝ 19-րդ դարում հիմնադրված համալսարանի մուտքի պատին գրված է. «Ցանկացած ազգի ոչնչացման համար պետք չէ օգտագործել ատոմային ռումբեր կամ հեռահար հրթիռներ: Դրա համար ընդամենը պահանջվում է նվազեցնել կրթության որակը… Կրթության փլուզումն ազգի կործանումն է»:
Իսկ մեծ հաշվով՝ երիտասարդների բողոքի զանգվածային ակցիաներն ուղղված են մարդկության բարոյազրկման, անարդարության, աշխարհում հրահրվող աննպատակ պատերազմների ու այդ պատերազմներում միլիոնավոր անմեղ զոհերի, խեղվող ճակատագրերի ու պատերազմների վրա միլիարդավոր դոլարների հասնող չարդարացված ծախսերի դեմ։ Դրանք ուղղված են աշխարհի գլոբալացման, ազգային արժեհամակարգերի ու ավանդույթների այլասերման, ապականման, արժեզրկման, ազգային պետությունների ապազգայնացման դեմ, ինչպես նաև գլոբալիստական Արևմուտքի կողմից՝ ժողովուրդների ստրկացման ու գաղութացման ճանապարհով աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու հավակնությունների դեմ։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Դիտվել է՝ 211

Մեկնաբանություններ